Հայաստանի չղջիկները
Տեսակներ › Հարթաքթայիններ › Գիշերաչղջիկներ

Արաքսյան գիշերաչղջիկ

Myotis schaubi Kormos, 1934

Նկարագրություն

Նատերերի խմբի ամենախոշոր ձևն է. FA 42,3–47,8 մմ (միջինը՝ 44,1), ականջը 18,5–19,3 մմ, տրագուսը 11,8–12,5 մմ, գանգի կոնդիլոբազալ երկարությունը 16,2–16,8 մմ, այտային լայնությունը՝ 10,6–11,5 մմ, միջակնակապճային տարածությունը՝ 4,1–4,4 մմ, վերին ատամնաշարը՝ 6,4–7,3 մմ։ Մեջքը բաց մոխրադեղնավուն է, որովայնը՝ սպիտակավուն։ Ականջները և թաղանթները բաց դարչնագույն են։ Ականջի արտաքին եզրի փորվածքը շատ մեղմ է, տրագուսը շատ բարձր է՝ թեթևակի դուրս թեքված գագաթով (Кузякин, 1950, էջ 266, 268)։

Ապրելավայր

Բնակվում է քարանձավներում, անձավներում, ժայռերի ճեղքերում, ծառերի փչակներում, նկուղներում, ձեղնահարկերում և անասնագոմերում (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։

Բազմացում

Հավաստի տեղեկություններ քիչ են. էգը հունիսի վերջին ծնում է մեկ ձագ, ապրում են 2–7 առանձնյակից կազմված խմբերով (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։

Ընդհանուր արեալ

Արեալը (ըստ MDD v2.5) ներառում է Հայաստանը և Իրանը (հնարավոր է՝ Ադրբեջանը և Թուրքիան)։ Տեսակը հայտնաբերված է միայն Անդրկովկասի հարավում (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։

Տարածում Հայաստանում

araxenus-ի տիպային նյութը՝ 12 էգ, հավաքվել է 1946 թ. հունիսի 22–23-ին Վայքի լեռնաշղթայում (Արաքսի ավազան), Ամաղու գյուղի մոտ գտնվող հին եկեղեցու ավերակներում (Кузякин, 1950, էջ 268)։ Հայտնի է Վայոց ձորի (Վայքի և Եղեգնաձորի շրջաններ) և Սյունիքի (Կապանի և Մեղրիի շրջաններ) մարզերից (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։

Պահպանության կարգավիճակ

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում (2010)՝ EN B1a+2a («Վտանգված»)։ IUCN՝ DD (ըստ MDD v2.5)։ Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում (ՀՀ Կարմիր գիրք, 2010)։

← Բեխշտեյնի գիշերաչղջիկՆատերերի գիշերաչղջիկ →