Հայաստանի չղջիկների տեսակները
Հայաստանի ֆաունայում՝ 30 տեսակ, 4 ընտանիք։ «?» նշանով տեսակների առկայությունը Հայաստանում դեռ հաստատման կարիք ունի։
Ընտանիք Պայտաքթայիններ Rhinolophidae · 5 տեսակ
Քթային մակերեսն ամբողջությամբ պատված է բարդ, գրեթե մերկ մաշկային գոյացություններով, որոնցում առանձնացնում են պայտը, նշտարը և թամբը։ Պայտը լայն թիթեղ է, որը առջևից և կողքերից շրջապատում է ստորակետաձև քթանցքները։ Նշտարը պայտի շարունակությունն է՝ սրված և ետ թեքված գագաթով։ Թամբը պայտի և նշտարի միջև գտնվող փոքր կատար է։
Ընտանիք Բուլդոգայիններ Molossidae · 1 տեսակ
Հաստացած պոչը իր երկարության մոտ կեսով դուրս է ցցվում միջազդրային թաղանթից։ Վերին շուրթերը հավաքված են մսոտ, կախ ընկած ծալքերի մեջ։ Լսողական ոսկրը (Հայաստանի տեսակի մոտ) ներսի կողմից ուղղագիծ կտրված է։ Փոքր ոլոքը ոսկրային է, լավ զարգացած (Кузякин, 1950, էջ 189)։
Ընտանիք Երկարաթևայիններ Miniopteridae · 1 տեսակ
Դունչը շատ կարճ է, ճակատը՝ ուռուցիկ։ Ականջները կարճ են և եռանկյունաձև, չեն դուրս գալիս գլխի գագաթից։ Թևերը շատ երկար են և նեղ, հանգստի վիճակում III և IV մատները ծալված են ներս՝ առաջին և երկրորդ ֆալանգների միջև (Dietz, von Helversen, 2004, էջ 22)։ Ստորին ծնոտի յուրաքանչյուր կողմում երկու փոքր նախասեղանատամ կա։
Ընտանիք Հարթաքթայիններ Vespertilionidae · 23 տեսակ
Քթային մաշկային գոյացություններ չկան։ Ականջներում միշտ լավ զարգացած տրագուս կա։ Բարակ պոչն ամբողջությամբ գտնվում է միջազդրային թաղանթում կամ դուրս է գալիս դրանից միայն մի քանի միլիմետրով։ Վերին շուրթերը մսոտ ծալքեր չեն կազմում։

Եվրոպական լայնականջ
Ասիական լայնականջ

Գորշ ականջեղ

Լեռնային ականջեղ

Սրականջ գիշերաչղջիկ

Բեխշտեյնի գիշերաչղջիկ
Արաքսյան գիշերաչղջիկ

Նատերերի գիշերաչղջիկ

? Դաուբենտոնիի գիշերաչղջիկ

Եռագույն գիշերաչղջիկ

Բեղավոր գիշերաչղջիկ
Ոսկեգույն գիշերաչղջիկ

Մաշկեղանման փոքրաչղջիկ

Միջերկրածովային փոքրաչղջիկ

Անտառային փոքրաչղջիկ

Թզուկ փոքրաչղջիկ

Գաճաճ փոքրաչղջիկ

Ուշաթռիչք մաշկեղ
Անապատային մաշկեղ

Շեկ իրիկնաչղջիկ

Փոքր իրիկնաչղջիկ

? Հսկա իրիկնաչղջիկ

Երկգույն մաշկեղ
Լատիներեն անվանումները՝ ըստ Mammal Diversity Database (MDD v2.5), հայերեն անվանումները՝ ըստ Հայրապետյան և ուրիշ. (2018) կենդանատեսակների անունների բառարանի։





