Նկարագրություն
FA 40,8–50,3 մմ, D5 48–53 մմ, D3 69–76 մմ։ Մեջքի մորթին հիմքում մուգ դարչնագույն կամ սևավուն է՝ սպիտակ ծայրերով («եղյամապատ»), որովայնը սպիտակավուն է և կտրուկ սահմանազատված։ Էգերն ունեն չորս պտուկ (Dietz, von Helversen, 2004, էջ 34)։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը 13,9–16,2 մմ, այտային լայնությունը՝ 9,1–10,9 մմ, վերին ատամնաշարը՝ 5–6,1 մմ, FA 41–48 մմ (Кузякин, 1950, էջ 382)։
Ապրելավայր
Ամռանը ցերեկն անցկացնում է ձեղնահարկերում, տների, տնտեսական շինությունների և եկեղեցիների երեսպատման տակ, ճեղքաձև անցքով փչակներում, ծառերի պոկված կեղևի տակ և պատահական թաքստոցներում։ Ապրում է միայնակ, զույգերով կամ սովորաբար 10–30 հասուն առանձնյակից բաղկացած գաղութներով. ամառվա վերջին ձագերով էգերի գաղութները կարող են հասնել 100 և ավելի առանձնյակի։ Էգերի ամառային գաղութներում արուներ սովորաբար չեն լինում։ Հաճախ ապրում է Նատուզիուսի և թզուկ փոքրաչղջիկի հետ (Кузякин, 1950, էջ 384–385)։
Բազմացում
Ըստ Myhrvold et al. (2015) տվյալների՝ տարեկան ծնունդների թիվը՝ 1, հղիությունը՝ մոտ 52 օր, կաթով կերակրումը՝ մոտ 94 օր, կյանքի առավելագույն հայտնի տևողությունը՝ 12 տարի։
Ընդհանուր արեալ
Արեալը (ըստ MDD v2.5) ընդգրկում է Եվրոպան, Առաջավոր, Միջին և Կենտրոնական Ասիան, Մոնղոլիան, Չինաստանը, Կորեան և Ճապոնիան։
Տարածում Հայաստանում
GBIF-ում կա 2 գրառում Սիսիան–Քաջարան ճանապարհի հետազոտությունից (2021, ակուստիկ գրանցում բատ-դետեկտորով)։
Պահպանության կարգավիճակ
ՀՀ Կարմիր գրքում (2010) գրանցված չէ։ IUCN՝ LC (ըստ MDD v2.5)։