Պահպանություն
Ինչն է սպառնում չղջիկներին և ինչպես կարող է յուրաքանչյուրն օգնել։
Ինչն է սպառնում չղջիկներին
- Ապաստարանների անհանգստացում և ոչնչացում. քարանձավների այցելություններ, հատկապես ձմեռման և ձագերի մեծացման ժամանակ, կրակ ու ծուխ քարանձավներում, հին շինությունների վերանորոգում կամ քանդում։
- Հին փչակավոր ծառերի հատում, որոնցում ապրում են անտառային տեսակները։
- Թունաքիմիկատներ, որոնք նվազեցնում են միջատների քանակը և կուտակվում չղջիկների օրգանիզմում։
- Լույսի աղտոտում, որը փոխում է միջատների և չղջիկների գիշերային վարքը։
- Հողմակայաններ, որոնց մոտ չղջիկները կարող են զոհվել, եթե տեղը և աշխատանքի ռեժիմը ճիշտ չեն ընտրված։
- Նախապաշարմունքներ, որոնց պատճառով չղջիկներին հաճախ անտեղի ոչնչացնում են։
ՀՀ Կարմիր գրքում գրանցված տեսակներ
Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում (2010) գրանցված են չղջիկների 10 տեսակ (այսօրվա կարգաբանությամբ).
- Բլազուսի պայտաքիթ (Rhinolophus blasii)՝ EN, «Վտանգված»
- Հարավային պայտաքիթ (Rhinolophus euryale)՝ VU, «Խոցելի»
- Մեհելիի պայտաքիթ (Rhinolophus mehelyi)՝ VU, «Խոցելի»
- Լայնականջ ծալքաշուրթ (Tadarida teniotis)՝ DD, «Անբավարար տվյալներ»
- Գունատ երկարաթև (Miniopterus pallidus)՝ VU, «Խոցելի»
- Ասիական լայնականջ (Barbastella caspica)՝ VU, «Խոցելի»
- Գորշ ականջեղ (Plecotus auritus)՝ VU, «Խոցելի»
- Բեխշտեյնի գիշերաչղջիկ (Myotis bechsteinii)՝ VU, «Խոցելի»
- Արաքսյան գիշերաչղջիկ (Myotis schaubi)՝ EN, «Վտանգված»
- Ոսկեգույն գիշերաչղջիկ (Myotis davidii)՝ CR, «Կրիտիկական վիճակում»
Գտել եք չղջիկ. ինչպես վարվել
- Մի՛ վերցրեք չղջիկը մերկ ձեռքով. օգտագործեք հաստ ձեռնոցներ կամ կտոր։
- Զգուշորեն տեղավորեք այն օդանցքերով տուփի մեջ, դրեք փափուկ կտոր և մի թասակ ջուր, պահեք մութ, հանգիստ տեղում։
- Մի՛ կերակրեք և մի՛ փորձեք ինքնուրույն բուժել։
- Գրեք կամ զանգահարեք մեզ (Կապ)՝ նշելով, թե որտեղ և երբ եք գտել։ Եթե չղջիկը կծել կամ քերծել է, անհապաղ դիմեք բժշկի։
- Եթե չղջիկը տանն է հայտնվել, պարզապես անջատեք լույսը և երեկոյան բաց թողեք պատուհանը. սովորաբար այն ինքը դուրս է թռչում։
Ինչպես օգնել
- Քարանձավներ այցելելիս մի՛ անհանգստացրեք չղջիկներին, մի՛ լուսավորեք նրանց երկար, աղմուկ և կրակ մի՛ արեք։
- Պահպանեք հին փչակավոր ծառերը և լքված շինությունների չղջիկների գաղութները։
- Տեղադրեք չղջիկների բնատուփեր այգում կամ տան պատին։
- Ուղարկեք մեզ ձեր դիտարկումները (լուսանկար, վայր, ամսաթիվ). դրանք օգնում են ճշտելու տեսակների տարածումը։