Նկարագրություն
FA 32,2–37,1 մմ, D5 41–48 մմ, D3 57–62 մմ։ Թևաթաղանթի եզրը ոտքի և V մատի միջև սովորաբար ունի դեղնասպիտակավուն աղոտ եզրաշերտ։ Միջազդրային թաղանթի ստորին կողմը սրունքի երկայնքով մազոտ է։ Ստորին երկրորդ և երրորդ կտրիչների միջև բնորոշ արանք կա։ Առնանդամը ամուր, ձվաձև է՝ միջին ակոսով և կոշտ մազերով (Dietz, von Helversen, 2004, էջ 50)։ Գանգի կոնդիլոբազալ երկարությունը 12,4–13,3 մմ, վերին ատամնաշարը՝ 4,7–5 մմ, FA 33,5–36,5 մմ (Кузякин, 1950, էջ 344)։
Ապրելավայր
Լայնատերև անտառների բնորոշ բնակիչ է։ Նախընտրում է ճեղքաձև անցքով փչակները և ծառերի պոկված կեղևի տակ եղած խոռոչները, ապրում է նաև ձեղնահարկերում։ Գարնանային գաղութները բաղկացած են 30–60, ամռանը՝ մինչև 100–150 առանձնյակից, հիմնականում էգերից, հաճախ թզուկ փոքրաչղջիկի և երկգույն մաշկեղի հետ (Кузякин, 1950, էջ 354–355)։ Որսում է անտառեզրերին, բացատներում և ջրավազանների վրա՝ 2–6 մ բարձրության վրա (Кузякин, 1950, էջ 354–355)։
Բազմացում
Ըստ Myhrvold et al. (2015) տվյալների՝ ձագերի միջին թիվը մեկ ծննդաբերությունում՝ 1,9, տարեկան ծնունդների թիվը՝ 1, կյանքի առավելագույն հայտնի տևողությունը՝ 11 տարի։
Ընդհանուր արեալ
Արեալը (ըստ MDD v2.5) ընդգրկում է Եվրոպան, Թուրքիան, Կովկասը, Ղազախստանը և Թուրքմենստանը։
Տարածում Հայաստանում
Ներառված է EUROBATS-ի և MDD v2.5-ի Հայաստանի ցանկերում։ GBIF-ում Հայաստանից գրառումներ չկան։։
Պահպանության կարգավիճակ
ՀՀ Կարմիր գրքում (2010) գրանցված չէ։ IUCN՝ LC (ըստ MDD v2.5)։